Ռուդենկո. Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում առևտրային շրջափակման և սահմանափակումների դեմ
Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում առեւտրային շրջափակման եւ սահմանափակումների դեմ: Այս մասին «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանին պետք է Վրաստանի միջով տարանցումը՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանից Ադրբեջանի եւ Հայաստանի միջով տրանսպորտային ճանապարհի հեռանկար է հայտնվել:
Նրա խոսքով՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակումը պատասխանում է այդ տարածաշրջանի բոլոր երկրների ռազմավարական շահերին: «Տվյալ ձգտումը ֆիքսվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ ս.թ. հունվարի 11-ի հանդիպումների արդյունքներով հայտարարություններում:
Դրա հիման վրա մենք արդեն համապատասխան աշխատանք ենք սկսել Բաքվի եւ Երեւանի հետ: Ընդ որում, մենք բաց չենք թողնում ավելի լայն համատեքստ՝ նկատի ունենալով Հարավային Կովկասի բարգավաճման եւ կայունության ապահովման գործում ներդրում ունենալու մեր գործընկերների ձգտումը:
Ինչ վերաբերում է մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնությանը, ապա այն իսկապես դեռ ուժի մեջ չի մտել: Դրա իրականացմանը խանգարում են այսօր չլուծված տարաձայնությունները:
Ռուսական կողմը հակված է կառուցողական աշխատանքի շարունակմանը, փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը, որպեսզի վերոնշյալ համաձայնությունն աշխատի որքան հնարավոր է արագ»,-ասել է Ռուդենկոն: