Բայդենին հասանելի են Պուտինի հետ Թրամփի խոսակցությունների ձայնագրությունները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարող է ծանոթանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խոսակցությունների բովանդակությանը՝ գրում է Politico-ն:
Ինչպես նշում է թերթը՝ Թրամփը նախագահության ժամանակ «խնամքով պաշտպանում էր» օտարերկրյա առաջնորդների հետ իր մասնավոր խոսակցությունները, երբեմն նույնիսկ արգելվում էր նրա աշխատակիցների ու կաբինետի անդամների մուտքն արխիվ՝ արտահոսքերը կանխելու համար:
Ըստ պարբերականի՝ երկու երկրների ղեկավարների առնվազն մեկ տասնյակ խոսակցությունները գաղտնի են մնում, և դրանց ծանոթանալը կօգնի պարզել՝ արդյոք Թրամփը որևէ գաղտնի տեղեկատվություն չի՞ հայտնել, և արդյոք կնքե՞լ է գործարքներ, որոնք կարող են «անակնկալի բերել նոր վարչակազմին»:
Ըստ թերթի՝ Բայդենի վարչակազմը չի ասել՝ ծանոթացե՞լ են այդ հեռախոսային խոսակցությունների բովանդակությանը, թե՞ ոչ: Թրամփի խորհրդականներն էլ պարբերականին հայտնել են, որ նախկին նախագահը հազվադեպ է Պուտինին ասել այն, ինչ դեռ չի ասել հրապարակավ: