ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Իրանի հետախուզության ղեկավարի այն հայտարարությունից, որ Արևմուտքի ճնշումները Թեհրանին կարող են դրդել միջուկային զենք ստեղծել
ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Իրանի հետախուզության նախարար, այաթոլլա Մահմուդ Ալավիի այն հայտարարությունից, թե Արևմուտքի ճնշումը Թեհրանին կարող են դրդել միջուկային զենք ստեղծելուն, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մեզ համար դեռ հստակ չէ՝ Ալավին ինչ-որ մեկի անունի՞ց էր խոսում, բացի իրենից: Մենք, իհարկե, ի գիտություն ենք ընդունել այդ խոսքերը, դրանք շատ մտահոգիչ են: Ուզում եմ նշել նաև, որ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններ ունի»,- հայտարարել է Փրայսը:
Իրանի հետախուզության ղեկավարը հայտարարել էր, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի ունի, և Իրանի հոգևոր առաջնորդի կարգադրությամբ միջուկային զենքն արգելված է, բայց եթե իրենց այդ ուղղությամբ են տանում, ապա Իրանը մեղք չի ունենալու այդ դեպքում, այլ նրանք, որոնք Իրանին դրդելու են այդ քայլին: