«Վարդերի» և «թավշյա» զուգահեռներ․ հեղափոխությունները հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստների. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Պարզապես արձանագրենք, որ հեղափոխությունները [եթե անգամ մենք դրան «գունավոր» չկոչենք] հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստների: Այդ առումով համեմատենք այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և Վրաստանում: Սաակաշվիլիի օրոք 2008 թվականին Վրաստանը կորցրեց այն տարածքները, որոնք այդ պահին արդեն իսկ այդ երկրի վերահսկողության տակ չէին, և որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին այլ ազգերը: Փաշինյանի օրոք մենք կորցրեցինք այն տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ էին, և որտեղ ապրում էին հայերը:
2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը ստացավ և շարունակում է ստանալ Արևմուտքից հսկայական նյութական օգնություն: «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը ոչ մեկից շոշափելի օգնություն չստացավ [հիմնականում շարունակում է ստանալ այն օգնությունը, որը կար նաև «Սերժի վախտ»], ավելին՝ պատերազմի ժամանակ մենք չստացանք ո՜չ Ռուսաստանի, ո՜չ Իրանի, ո՜չ էլ Արևմուտքի նույնիսկ բարոյական աջակցությունը:
Մի հատկանշական տարբերություն ևս. 2008 թվականին Ռուսաստանը հայտարարում էր, որ դեմ է «տարածքային ամբողջականությունը» ռազմական ճանապարհով վերականգնելուն, ինչը, նրա կարծիքով, անում էր Սաակաշվիլին Հարավային Օսիայի հանդեպ: 2020 թվականին, երբ դա անում էր Ալիևը, Ռուսաստանի արձագանքն այլ էր, մոտավորապես հետևյալը. «Իհարկե, լավ չի, բայց ի՞նչ արած՝ դա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է»: «Միջազգային ճանաչումն», ինչպես հայտնի է, տարբեր դեպքերում տարբեր ձևով է մեկնաբանվում:
Հետաքրքիր է, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում հեղափոխությունից և տարածքային կորուստներից հետո: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց «Վրացական երազանքին», և «Վարդերի հեղափոխության» առաջնորդը [ի պատիվ իրեն] ընդունեց այդ պարտությունը, որից հետո նրան և նրա շրջապատից մի քանի հոգու սկսեցին հետապնդել: Այդ հետապնդումներից խուսափելու համար Վրաստանի նախկին նախագահն ապրում է հայրենիքից դուրս: Հայաստանում չկա ավանդույթ, ըստ որի, իշխանությունը, ընտրություններում պարտություն կրելուց հետո, ընդունում է իր պարտությունը: Իսկ որ Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո [երբ էլ դա լինի] նույնպես կսկսեն հետապնդել, դա ակնհայտ է: Նույնպես ավանդույթ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: