Իրանական տեխնոլոգիական պատվիրակությունը կփորձի խթանել իրանական արտադրանքի առաջխաղացումը Հայաստանում. Tehran Times
Իրանական տեխնոլոգիական պատվիրակությունը, որն այս ամիս կժամանի Երևան, կփորձի խթանել իրանական արտադրանքի առաջխաղացումը Հայաստանում, հայտնում է Tehran Times –ը:
Նախատեսվում է, որ իրանական 40 գիտական ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ նպատակ ունենալով խթանել իրանական տեխնոլոգիական արտադրանքի տարածումն ու ընդլայնել շուկան հարևան երկրում: Գիտության և տեխնոլոգիայի փոխնախագահի կողմից կազմակերպված քառօրյա այցը տեղի կունենա փետրվարի 16-19-ը:
Հունվարի 27-ին գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սաթթարին Թեհրանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ` տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:
Սաթթարին նշել է, որ Իրանն ունի չորս միլիոն ուսանող, որոնք ունեն բարձր գիտելիքներ, որոնց ապավինելով էլ երկիրը կարող է գնալ դեպի գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Ներկայում Իրանում գործում է 6000 գիտական ընկերություն, որոնց ընդհանուր եկամուտն անցյալ տարի կազմել է շուրջ 12 միլիարդ դոլար:
Նշելով, որ երկրում անհրաժեշտ դեղորայքի 98 տոկոսն արտադրվում է երկրի ներսում` Սաթթարին ասել է, որ մեծ թվով հայ գիտնականներ և ակադեմիկոսներ սովորում են Իրանի համալսարաններում և ընդգծել համատեղ տեխնոլոգիական հարթակների և ուսանողների փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: