ԱՄՆ-ում ցանցահենները փորձել են հաքերային հարձակման միջոցով թունավորել 15 000 բնակչին մատակարարվող խմելու ջուրը
ԱՄՆ-ում անհայտ անձինք կոտրել են Ֆլորիդա նահանգի Օլդսմար քաղաքի ջրի մաքրման կայանի համակարգչային համակարգը և փորձել են բարձրացնել ջրի մեջ վտանգավոր քիմիական նյութի մակարդակը: Այս մասին հայտնում է Tampa Bay Times-ը:
Նշվում է՝ TeamViewer ծրագրի միջոցով անհայտ անձինք հեռակա հասանելիություն են ստացել աշխատողներից մեկի համակարգչին և փորձել են 100 անգամով ավելացնել ալկալիների մակարդակը: Վերջիններս օգտագործվում են փոքր դեղաչափով՝ ջրի թթվայնությունը կարգավորելու համար: Այս քիմիական նյութը մեծ դեղաքանակով օգտագործելու դեպքում կարող էր ջրի թունավորում տեղի ունենալ, որը կարող էր վնաս հասցնել քաղաքում ապրող ավելի քան 15 հազար մարդու:
Բանվորները ժամանակին են նկատել, թե ինչ է կատարվում, և կանխել են ալկալիների արտահոսքը: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ՀԴԲ-ն (հետաքննությունների դաշնային բյուրո) կներգրավվի հետաքննության աշխատանքներում:
Հիշեցնենք՝ այս դեպքն առաջինը չէ ԱՄՆ-ում: Դեռևս 2007 թվականին Մասաչուսեթս քաղաքում ջրի մեջ այս նյութի բարձր կոնցենտրացիան մի շարք մարդկանց մոտ հանգեցրել էր մաշկային խնդիրների և այրվածքների: