Հայազգի գեներալը Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար: Այս մասին տեղեկանում են դաշինքի պաշտոնական կայքէջից։
Նշենք, որ Հարրիգյանը նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է:
Նշվում է, որ դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա, ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը:
Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա ավելի քան 19 միլիոն քառակուսի մղոն տարածքում ղեկավարում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը և արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 25 տոկոսը: Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985 թ.-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա մարտական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթորիկ» և «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատերազմին:
Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների Եվրոպա — Աֆրիկայի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր:
Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով: