«Աթենքը մերժում է Կիպրոսի ճգնաժամը 2 պետության ստեղծմամբ լուծելու Թուրքիայի կոչերը»․ Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մերժել է Կիպրոսի ճգնաժամը երկու պետությունների ստեղծմամբ լուծելու Թուրքիայի կոչերը՝ հայտարարելով, որ կղզում թուրքական շրջափակման դադարեցումն Աթենքի արտաքին քաղաքականության գերակայությունն է, գրում է Ekathimerini-ն։
«Թուրքական շրջափակման դադարեցումը և ճգնաժամի լուծման կենսունակ ուղիների որոնումը Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար գերակայությունն են»,- ասել է Միցոտակիսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը վերջին ամիսներին հանդես են եկել կղզում երկու պետություն ստեղծելու կոչերով։
Միցոտակիսի խոսքով՝ այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի դիրքորոշումը, որը հակասում է Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին, մերժվում է ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից:
Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին՝ թուրքական ներխուժումից հետո։ Կիպրոսի հարավում հունական համայնքը, որը հայտնի է որպես Կիպրոսի Հանրապետություն, միջազգայնորեն համարվում է կղզի- պետություն: Հյուսիսային շրջանում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչում է միայն Թուրքիան։ ՄԱԿ-ը նախատեսում է Կիպրոսի հարցով բանակցություններ անցկացնել մարտի սկզբին: