Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ռուս ընդդիամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Հեռուստատեսության լրագրողը պետքարտուղարից հետաքրքրվել է, թե Բայդենի վարչակազմը ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորհրդակցություններ է անցկացնում և սերտ համագործակցության մեջ է այլ երկրների հետ, որոնք մտահոգություն ունեն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով»։
Բլինկենը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա ամռանը Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված միջադեպին:
«Դա Ռուսաստանի կողմից քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի և այլ պարտավորությունների խախտում է, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում»,- հավելել է Բլինկենը:
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման ենթարկվել: Նա այժմ բանտում է: Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել էր այն իրական դատավճռով, այն է՝ 3.5 տարվա ազատազրկում:
Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ իշխանությունները: