«ԱՄՆ-ն ապագայում կարող է վերանայել Գոլանի բարձունքների պատկանելության հարցը»․ Բլինկեն
ԱՄՆ-ն ապագայում կարող է վերանայել Գոլանի բարձունքների պատկանելության հարցը։ Համապատասխան հայտարարությունը CNN-ի եթերում արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Փակագծերից դուրս թողնելով հարցի իրավական կողմը, գործնական տեսանկյունից Գոլանի բարձունքներն Իսրայելի անվտանգության չափազանց կարևոր բաղադրիչն է։ Քանի դեռ Ասադն իշխանության գլուխ Է Սիրիայում, քանի դեռ Իրանը գտնվում է Սիրիայում, այս ամենը զգալի սպառնալիք է ներկայացնում Իսրայելի անվտանգության համար, և այդ իրավիճակում Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողությունը, կարծում եմ, շատ կարևոր է Իսրայելի անվտանգության համար։ Իրավաբանական հարցերը բոլորովին այլ են»,- նշել է Բլինկենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք կճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ:
Բլինկենի պնդմամբ՝ «ժամանակի ընթացքում, եթե Սիրիայում իրավիճակը փոխվի, կվերանայեն այդ հարցը (Գոլանի բարձունքների պատկանելության)։ Բայց առայժմ այդ մասին խոսելը վաղ է»։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի մարտի 25-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների շրջանակներում Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հռչակագիր է ստորագրել: Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան և արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրները, այլև Ռուսաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնակից պետություններ Գերմանիան ու Ֆրանսիան:
1940-ականներից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելի վերահսկողության տան է անցել 1967-ին՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն օրենք ընդունեց, որով միակողմանիորեն հռչակվեց այդ տարածքի նկատմամբ հրեական պետության ինքնիշխանությունը։