Մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են․ Կապանի քաղաքապետ. «Իրավունք»
«Օրվա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները իրենց դիրքերն առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, ինչ իրավիճակ է հիմա: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, ով փաստեց.
-Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ: Մերոնցից մեկը կրակել էր այդ ցուցանակին, որից հետո ազերիները փոխել էին ցուցանակը և դիրքավորվել արդեն տվյալ ցուցանակի մոտ: Ռուս սահմանապահները փորձել են թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավորվել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքավորվել են:
-Ճի՞շտ է, որ ռուս խաղաղապահները «ԲՏՌ»-ով փակել էին ադրբեջանցիների մուտքը:
- Այո, նրանք փակել էին ճանապարհը, որպեսզի ադրբեջանական կողմին թույլ չտան դիրքավորում կատարել տվյալ հատվածում: Արդյունքում ստացվեց, որ հիմա՝ ներկա պահին, ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տեղադրել՝ հենց ադրբեջանցիների դիմաց:
-Պարո՛ն Փարսյան, տարբեր աղբյուրներ նշում են, որ ըստ էության, սադրանքը մեր կողմից է եղել:
-Սադրանքը հենց սկզբից էր՝ հունվարի 22-ին, երբ տեղադրվեց վերը նշված վերտառությամբ պաստառը ճանապարհի եզրին: Բնական էր, որ մերոնք պետք է ինչ-որ մի ձևով արձագանքեին: Տվյալ ճանապարհահատվածի վրա ցուցանակ տեղադրելն արդեն իսկ սադրանք էր:
-Այսինքն՝ ազերիները նման սադրանքներով կամաց-կամաց առաջ են գալիս:
-Իրենց պատկերացմամբ՝ սահմանից առաջ չեն եկել: Սակայն դա երկու կողմի համար էլ խնդրահարույց ճանապարհահատված է՝ Կապան-Ճակատեն հատվածը:
-Այս պահին ի՞նչ իրավիճակ է տվյալ տարածքում:
-Ոչ մի խուճապ չկա, ճանապարհը շարունակում է գործել իր բնականոն հունով, ճանապարհահատվածի անվտանգությունը վերահսկում են ռուս խաղաղապահները, վտանգավոր բան չկա:
- Այլ միջադեպեր գյուղում լինո՞ւմ են։
- Ոչ, ոչ, չկան նման բաներ: Չկան, որովհետև մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: