«Այն կամրապնդի ոչ թե ժողովրդավարությունը, այլ բռնապետությունը». Քըլըչդարօղլուն` Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու Էրդողանի ծրագրի մասին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրում նոր սահմանադրություն ընդունելու առաջարկին: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ Թուրքիան իրոք կարիք ունի նոր` ավելի ժողովրդավարական սահմանադրության` առկա սահմանադրության առաջին 4 կետերը պահպանելու պայմանով, սակայն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ Էրդողանի առաջարկած փոփոխությունները երկրում կուժեղացնեն ոչ թե ժողովրդավարությունը, այլ բռնապետությունը:
«Այսօր բոլորը կողմ են արտահայտվում Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը: Թուրքիայում նոր սահմանադրությունը պետք է ամրապնդի ժողովրդավարությունը, մենք դրա կարիքն ունենք: Դրա համար նոր սահմանադրություն առաջարկող գործադիր մարմինը պետք է հուսալի և վստահելի լինի: Սակայն մենք իշխանություններին հուսալի և վստահելի չենք համարում: Ինչպե՞ս կարող են գործող սահմանադրությանը չենթարկվող իշխանությունները ժողովրդավարական սահմանադրություն առաջարկել: Վախենամ, որ սահմանադրության նոր փոփոխությունները ուղղված կլինեն ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության ամրապնդմանը»,-նշել է թուրք ընդդիմադիր գործիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրի նոր սահմանադրության շուրջ քննարկումներ սկսելու ժամանակն է: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե ինչն է ծրագրվում փոխել սահմանադրությունում։