«Չկա ընտանիք, որտեղ թմրանյութերի կամ ալկոհոլի հետ կապված խնդիրներ չլինեն». Բայդենը հայտնել է որդու` հոգեմետ նյութերի չարաշահման դեմ տևական պայքարից հետո լիովին վերականգնվելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է, որ որդու՝ Հանթերի առաջիկա գիրքը նրան հույսով է լցնում, ստիպում է հավատալ, որ «որդին հոգեմետ նյութերի չարաշահման դեմ երկարատև պայքարից հետո լիովին վերականգնվել է»։
CBS News-ին տված հարցազրույցում Հանթերի առաջիկա գրքի և հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի մասին խոսելիս Բայդենը հուզվել է` նշելով, որ «գրքում որդին ազնորեն խոսել է իր խնդիրների մասին»։
«Վստահորեն կարող եմ ասել, որ չկա այնպիսի ընտանիք, որտեղ ընտանիքի անդամներից որևէ մեկն առնչված չլինի թմրանյութերի կամ ալկոհոլի հետ կապված խնդիրներին»,-ասել է նա։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախագահական բանավեճի ժամանակ Բայդենը, պատասխանելով Թրամփի՝ Հանթերի հասցեին հնչեցրած վիրավորական դիտարկմանը, պաշտպանել էր որդուն՝ նշելով, որ «նա, ինչպես և շատերը, ունեցել է թմրանյութերի հետ կապված խնդիրներ, բայց աշխատել է այդ ուղղությամբ և հաղթահարել է դրանք, ինչի կապակցությամբ չափազանց հպարտ է»։
Simon & Schuster հրատարակչությունը ապրիլի 6-ին հանրությանը կներկայացնի 51-ամյա Հանթեր Բայդենի՝ «Գեղեցիկ երևույթներ» խորագրով հուշագրությունները:
Նշվում է, որ գիրքը նվիրված կլինի Հանթերի՝ հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարին, որի պատճառով 2014-ին հեռացվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերից։