«Ալիևի հետ կքննարկվեն ԼՂ-ում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների և խաղաղության հետ կապված հարցեր». մեկնարկել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի պաշտոնական այցը Ադրբեջան
Մեկնարկել է Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:
«Եվրոպական հարևանության հարցերով Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը Բաքվից սկսել է իր առաջին այցը տարածաշրջան», - ասել է դեսպանը:
Նշենք՝ նախարարի այցի նպատակն է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը կանաչ էներգետիկայի զարգացման ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային անհավասարության դեմ պայքարում:
Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում Մորթոնը հանդիպում կունանա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների, խաղաղության ու կայունության ապահովման հետ կապված հարցեր:
Բացի այդ, Եվրոպական հարևանության պետնախարարը կմասնակցի Միացյալ Թագավորություն-Ադրբեջան ռազմավարական քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպմանը, որն ամեն տարի փետրվարի 9-ին տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև:
Միջոցառման ընթացքում երկու երկրների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել գործընկերությունը շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների վերաբերյալ: