ԱՄՆ-ն մտադիր է որպես դիտորդ վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. Associated Press
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ վերսկսել փոխգործակցությունը, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության իրազեկ աղբյուրների հաղորդամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր կհայտարարի «ԱՄՆ-ի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին որպես դիտորդ վերադառնալու մասին՝ նշելով, որ երկիրը կձգտի հասնել լիիրավ անդամի կարգավիճակին»։
Գործակալությունը փաստում է, որ «այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պահպանողական օրենսդիրների, ինչպես նաև այն ուժերի կողմից քննադատությանը, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Իսրայելի»:
Հրապարակման համաձայն՝ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «կառույցը պետք է բարեփոխվի, իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը փոխգործակցությունն է»։
Վաշինգթոնը 2018 թվականին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այդ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ կազմակերպության կողմնակալ վերաբերմունքով: