Ավելի քան 480 մլն դոլար. ԱՄՆ-ում հաշվել են Կոնգրեսի շենքում անկարգությունների հետևանքով հասցված վնասը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընտրկեղծիքների մասին հայտարարությունների վերաբերյալ հայցերի քննարկումը, ինչպես նաև Կոնգրեսի շենքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններն ամերիկացի հարկատուների վրա արժեցել են 519 մլն դոլար, գրում է The Washington Post-ը:
Վկայակոչելով դաշնային և տեղական իշխանությունների ծախսերի մասին տեղեկատվությունը՝ պարբերականը հայտնում է, որ ավելի քան 480 մլն դոլար է ծախսվել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի մարտիկների տեղակայման համար։
Եվս մոտ 28 մլն ուղղվել է Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին կազմակերպված անվտանգության ապահովման միջոցառումների համար։ Գումարներ են ծախսվել նաև տասնյակ հայցերի դատական տուրքերի, ընտրական հանձնաժողովների անդամների պաշտպանության ուժեղացման, Կապիտոլիումի գրոհից հետո վերականգնողական աշխատանքների համար։
Պարբերականը չի բացառում, որ հունվարյան իրադարձությունների ֆինանսական հետևանքները կարող են շատ ավելին լինել, քան նշվում է։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: