ԱՄՆ սենատորը Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը համեմատել է «ԽՍՀՄ-ում ցուցադրական դատավարության հետ»
Հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը համեմատել է «Խորհրդային Միությունում անցկացվող ցուցադրական դատավարության հետ», գրում է The Hill-ը։
NBC հեռուստաալիքի Meet the Press հաղորդման ժամանակ Քեսիդին ասել է, որ, իր կարծիքով, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները իմփիչմենթի վերաբերյալ ապացույցների և փաստերի հավաքագրման հարցում «աներևակայելի վատ աշխատանք» են կատարել։
«Նրանք ապացույցներ չէին հավաքել։ Մինչդեռ հինգ ժամ անց դատում էին, ու մեկ էլ՝ անսպասելիորեն Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց է սկսվում։ Ինձ հայտնել են, որ Ուոթերգեյթյան սկանդալի և Քլինթոնի իմփիչմենթի ժամանակ ապացույցների հեղեղ էր։ Գիտեք, եթե նման մի բան տեղի ունենար Խորհրդային Միությունում, դա կանվանեին ցուցադրական դատավարություն»,- ասել է նա։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարել:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: