Բորելը բացատրել է` ինչու Մոսկվա կատարած այցի ժամանակ չի կարողացել հանդիպել Նավալնիի հետ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ռուսաստան կատարած այցի ժամանակ չի կարողացել հանդիպել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ, քանի որ իր այցի օրերին ընթանում է վերջինիս դատավարությունը, փոխանցում է ria.ru-ն։
«Իմ թիմը կապ է հաստատել Նավալնիի մերձավոր շրջապատի հետ մեր աջակցությունը հայտնելու համար։ Ցավոք, ես չկարողացա հանդիպել նրա հետ, քանի որ իմ այցի ժամանակ ընթանում էր նրա դատավարությունը»,-հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իր այցի նպատակներից մեկը եղել է «Նավալնիի դատավճռի և հազարավոր ցուցարարների զանգվածային ձերբակալությունների կապակցությամբ ԵՄ-ի վճռորոշ դիրքորոշումը փոխանցելը»։
«Ես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հիշեցրել եմ, որ Մարդու իրավունքների ոլորտում Ռուսաստանի պարտավորությունները բխում են նրա միջազգային պարտավորություններից, որոնք նա կամավոր է ստանձնել (օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով), և, հետևաբար, մեր կոչերը չեն կարող դիտարկվել որպես ներքին գործերին միջամտություն»,- նշել է Բորելը:
Նա նաև չի բացառել, որ փետրվարի 22-ին ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին որոշում ընդունվել։