Էրդողանն Արևմուտքին մեղադրել է իսլամատյացության դեմ պայքարը ձախողելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է իր տարածքում իսլամատյացության դեմ պայքարում երկմտելու համար, հաղորդում է Ahlav-ը:
«Մուսուլմանների սրբազան արժեքների դեմ իրականացվող հարձակումները համառորեն արհամարհվում են՝ մտքի ազատության քողի տակ: Միաժամանակ «եվրոպական իսլամի», «ֆրանսիական իսլամի» և «ավստրիական իսլամի» նման նախագծերն օգտագործվում են մուսուլմաններին ճնշելու համար», - ասել է Էրդողանը Դեմոկրատների միջազգային միության պատվիրակությանը: Թուրքիայի նախագահը կարծում է, որ այդ գործողությունները «խզում են եվրոպացի մուսուլմանների կապն իրենց հայրենիքի և իսլամական Ումմայի հետ», և Թուրքիան տեսնում են որպես իրենց նպատակային թիրախ:
Թերթը նշել է, որ անցյալ տարի լարվածություն է առաջացել եվրոպական պետությունների և այնտեղ բնակվող մուսուլման փոքրամասնությունների միջև:
Ֆրանսիայում տեղի ունեցած զույգ ահաբեկչություններից հետո Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է ֆրանսիական իսլամը բարեփոխելու իր ծրագրերի մասին: Նման խոստում է տվել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ Վիեննայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդների կողմից իրականացված ահաբեկչությունից հետո:
Էրդողանը պարզաբանել է, որ այդ քաղաքականությունը դիտում է որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ: Նա նշել է, որ այդ ամենը «պատահական չէ», և որ իրենք ցանկանում են «ասիմետրիկ մեթոդներով և անհիմն հայտարարություններով ու մեղադրանքներով սաբոտաժել Թուրքիային»` Լեռնային Ղարաբաղի նման վիճելի վայրերում Անկարայի դեմ պայքարը ձախողելուց հետո: