Աշխարհի ակումբային առաջնություն. «Բավարիան» սկսում է պայքարը
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում փետրվարի 8-ին պայքարի մեջ կմտնի Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան»:
Նախորդ մրցաշրջանում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած գերմանական ակումբի մրցակիցը կլինի Եգիպտոսի «Ալ Ահլին», որը մեկնարկային խաղում նվազագույն հաշվով հաղթել է Քաթարի «Ալ Դուհաիլիին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում «Բավարիային», որի հաղթանակը գնահատվում է 1.12 գործակցով: «Ալ Ահլիի» հաղթանակը ստացել է 19.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 8.00:
Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է մեքսիկական «Տիգրեսը», որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասի» նկատմամբ: «Տիգրեսը» դարձավ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի առաջին ակումբը, որը հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Բավարիան» աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը նվաճել է 2013 թվականին: