Հարցում. Ամերիկացիների 56 տոկոսը կողմ է, որպեսզի Թրափն այլևս պետական պաշտոններ չզբաղեցնի
Ամերիկացիներից շատերը կողմ են դեմոկրատների կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նախաձեռնված իմպիչմենթի ընթացակարգին, որը նրան արգելում է որեւէ պետական պաշտոն զբաղեցնել: Այդ մասին են վկայում Ipsos ծառայության եւ ABC հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ներկայացված տվյալների համաձայն` հարցվածների 56 տոկոսը կողմ է իմպիչմենթին եւ նշված արգելքին, 43 տոկոսը` դեմ: Մնացածը պատասխան չեն տվել:
Սոցհարցման մասնակիցներին նաեւ հարց է տրվել` թե, նրանց կարծիքով, ո՞ր կուսակցության կազմում ավելի շատ «արմատականորեն տրամադրված ծայրահեղական» կա: 25 տոկոսը նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունում նրանց թիվն ավելի շատ է, հանրապետականում ՝ 42 տոկոս: 32 տոկոսը կարծում է, որ նման մարդկանց թիվը երկու կուսակցություններում էլ հավասար է:
Հարցվածներին խնդրել են նաեւ ասել` հավատո՞ւմ են արդյոք նրանք, որ երկրում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդարացիորեն են բաշխվում բնակչության շրջանում: 67 տոկոսը դրական է պատասխանել, 33 տոկոսը` բացասական: Հարցումն անցկացվել է առցանց փետրվարի 5-ին եւ 6-ին: Դրան մասնակցել է 508 ԱՄՆ մեծահասակ բնակիչ:
Թրամփի նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգը նախաձեռնվել էր հունվարի 6-ին նրա կողմից արված հայտարարությունների պատճառով: Այդ օրն ԱՄՆ-ի մայրաքաղաքում ցույցին հավաքված նրա հազարավոր կողմնակիցները ներխուժել էին Կոնգրես` փորձելով կանխել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնց հաղթողը դեմոկրատ Ջո Բայդենն էր:
Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված բանաձեւում մեղադրանքի հոդվածներից մեկն ապստամբության հրահրումն է: Փաստաթուղթն արդեն ներկայացվել է Սենատ: Գործընթացն ինքնին կսկսվի վերին պալատում փետրվարի 9-ին: Նիստերի ընթացքում Ներկայացուցիչների պալատի անդամները որպես մեղադրող կողմ հանդես կգան, սենատորները` որպես ատենակալներ: