Ուղեղների արտահոսքը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել. Սմբատ Գոգյան
Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն:
Դա մեր ազգային ողբերգությունն է և անվտանգության խնդիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը` անդրադառնալով ուղեղների արտահոսքի խնդրին:
Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ձևակերպել, որ եթե խելոքները չգնան, իշխանություն կփոխվի:
«Այդ խնդիրը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել»,- ասել է Գոգյանը՝ նշելով, որ խելացի, կրթված մարդու արագաղթելու միակ պատճառն այն չէ, որ նա գնում է շատ աշխատելու, քանի որ շատ աշխատում, շատ էլ ծախսում է, այլ ընդհանուր իր ապագայի պատկերացումերը և ինքնաիրացման մակարդակն է խնդիրը, ինչի համար և գնում է:
«Լինենք անկեղծ, որ Հայաստանում շատ ոլորտներում աշխատանքի որակը և աշխատուժի պահանջարկը այնքան ցածր են, որ մարդիկ չեն էլ կարող իրենց իրացնել, և բնական է, որ այլ երկրների գրավիչ պայմանների դեպքում որոշում են գնալ»,- ասել է նա:
Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն:
«Խնդիրը մինչև հստակ չձևակերպվի, այն չի լուծվի: Եթե ձևավորվի միջավայր, որտեղ տնտեսության և տաբեր ոլորտների զարգացման հստակ խթաններ լինեն, ապա նաև կառաջանա որակյալ մասնագետների պահանջարկ, ինչը կբերի աշխատանքում նրանց ներգրավվածությանը: Քանի դեռ մեր բյուջեի արտահանման մեծ մասը կազմում է հանքարդյունաբերությունը, այդտեղ ոչ մի որակյալ մասնագետ պետք չէ»,-ասել է Սմբատ Գոգյանը։