Թրամփի խորհրդականը պատմել է նախկին նախագահի կյանքի մասին պաշտոնը թողնելուց հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երջանիկ է Սպիտակ տունը լքելուց հետո և ուրախ է, որ ապրում է առանց սոցիալական ցանցերի: Այս մասին Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է նախկին նախագահի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նախագահը հեռանալուց հետո շատ լավ տրամադրություն ուներ, նրա ընտանիքի հետ մի քանի շատ քնքուշ պահեր են եղել ... շատ տարիներ անց առաջին անգամ ես նախագահին իսկապես հանգիստ եմ տեսել»,-պատմել է Միլլերը:
Պարբերականը նշում է, որ Միլլերը գտնվել է ինքնաթիռում, որով Թրամփը մեկնել է Ֆլորիդա ՝ ազգականների ու ընտանիքի այլ անդամների հետ միասին:
«Նախագահն ասել է, որ ինքը ավելի երջանիկ է, քան երբևէ: Նա նշել է, որ իրականում լավ է չլինել սոցիալական ցանցերում, չհայտնվել ատելության փակ աշխարհում, որը շատ հաճախ դառնում են սոցիալական ցանցերը», - ընդգծել է Թրամփի խորհրդականը:
Նրա խոսքերով ՝ այս իրավիճակը դուր է գալիս Թրամփի կնոջը ՝ Մելանիային, եւ նա «շատ ավելի երջանիկ է»: