ՌԴ ԱԳՆ-ն լիահույս է, որ Լիբիայում անցումային իշխանության ընտրությունը կնպաստի երկրում առկա հակամարտության կարգավորմանը
ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը և Լիբիայի նախագահական խորհրդի ընտրված ղեկավար Մուհամմեդ ալ-Մանաֆին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկրում տիրող իրավիճակն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
«Ռուսական կողմը լիահույս է, որ Լիբիայում անցումային իշխանության ընտրությունը կարևոր քայլ կլինի երկրում ստեղծված սուր ճգնաժամի հաղթահարման ճանապարհին»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում լիբիական քաղաքական երկխոսության ֆորումի աշխատանքին առնչվող հարցեր:
Ժնևում լիբիական քաղաքական երկխոսության ֆորումի կողմից Լիբիայի վարչապետ ու նախագահական խորհրդի 3 անդամ են նշանակվել, որոնց գլխավոր խնդիրն է լինելու 2021 թ. դեկտեմբերի 24-ին համապետական ընտրությունների անցկացումը Լիբիայում:
Լիբիայում տևական ժամանակ երկիշխանություն է. կառավարություններից մեկը ղեկավարում է Նախագահական խորհուրդը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ, և Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարը, որին աջակցում է մշտական հիմունքներով ընտրված խորհրդարանը: