Նեթանյահուն Պաղեստինում ռազմական հանցագործությունների հարցով ՄՔԴ հետաքննությունը «հնարամիտ հակասեմականություն» է անվանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը Պաղեստինում ռազմական հանցագործությունների վերաբերյալ հրեական պետության դեմ «բացարձակ կեղծ մեղադրանքի» ՄՔԴ հետաքննությունը «հնարամիտ հակասեմականություն» է անվանել։ Դատարանը ուրբաթ որոշում էր կայացրել տարածել իր իրավասությունը Հորդանան գետի Արեւմյան ափի, Արեւելյան Երուսաղեմի եւ Գազայի հատվածի վրա, ինչը թույլ է տալիս գործեր հարուցել իսրայելցի զինվորականների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ՄՔԴ-ը «սկանդալային կերպով ռազմական հանցագործություն է հայտարարում այն փաստը, որ հրեաներն ապրում են իրենց հայրենիքում», ինչպես նաեւ «պնդում է, որ զինվորները ռազմական հանցագործություն են կատարում իսրայելցիներին ահաբեկիչներից պաշտպանելիս»:
«Որպես Իսրայելի վարչապետ՝ ես խոստանում եմ, որ մենք միասնական ճակատով կաջակցենք մեր զինվորներին, որոնք պաշտպանում են մեզ, բոլոր ուժերով կսատարենք մեր հայրենիքին»,- ընդգծել է Նեթանյահուն՝ ՄՔԴ-ի որոշումը անվանելով «բացահայտ անարդարություն»: