ՄԱԳԱՏԷ-ն աշնանն Իրանի օբյեկտներում ռադիոակտիվ նյութերի հետքեր է հայտնաբերել. WSJ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն Իրանի երկու օբյեկտնից անցյալ աշնանը վերցված նմուշներում հայտնաբերել են ռադիոակտիվ նյութի հետքեր: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով երեք դիվանագետների հայտարարությունը:
Դիվանագետները թերթին ասել են, որ տեղյակ չեն, թե որ կոնկրետ ինչ նյութեր են հայտնաբերել տեսուչները:
Նշվում է՝ ՄԱԳԱՏԷ-ն անդամ պետություններին դեռ չի տեղեկացրել վերջին արդյունքների մասին: Ներկայումս գործակալությունը Իրանից հայտնաբերված նյութերի վերաբերյալ պարզաբանումների է սպասում, որը, ըստ թերթի զրուցակիցներից մեկի, ընդունված պրակտիկա է:
Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Իրանը վավերացրել էր «Պատժամիջոցները հանելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողության» մասին օրենքը, որով նախատեսվում է՝ Ֆորդոյի միջուկային համալիրում ուրանի մինչև 20 տոկոս հարստացում:
Օրենքը ներառում է 9 հոդված, որոնք կառավարությունից պահանջում են ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի, ավելացնել հարստացված ուրանի պաշարները և օգտագործել նոր սերնդի «ԻՐ2Մ» և «ԻՐ6» ցենտրիֆուգներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրենքն ուղղված է պատժամիջոցների չեղարկմանը ԵՄ կողմերի մեղադրանքներից հետո այն մասին, որ միջուկային գործարքի պարտավորությունները Իրանը չի կատարում և իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ:
Իրանի միջուկային ծրագրի կրճատման՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015 թվականին կնքված համաձայնագիր է մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Ծրագրով Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացման ծրագրից, իսկ արևմտյան տերությունները վերացնում էին պատժամիջոցները։ 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այդ համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը 2019 թվականին հայտարարել էր համաձայնագրի երկու կետերը կատարելուց հրաժարվելու մասին։