Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդես
Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին: Մրցույթի նպատակն էր հայ երեխաներին մոտիկից ծանոթացնել այդ հարուստ մշակույթ ունեցող երկրին և նպաստել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Մրցանակաբաշխմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Ներկաները շրջել են ճեմասրահում և դիտել հայ երեխաների ստեղծագործությունները՝ նվիրված հարևան Իրանին:
Հանդիսության սկզբում գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ գրադարանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցում է 2006 թվականից և այդ տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ համատեղ կրթամշակութային ծրագրեր՝ միտված երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
«Մեր համագործակցության նպատակը նաև երկու ժողովուրդների մշակույթներին ու պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալն ու բացահայտելն է, և այս մրցույթը ևս միտված է այդ նպատակին: Իրանի մշակույթն ու պատմությունն այնքան խորը, հարուստ և բազմաշերտ են, որ ամեն օր բացահայտելու կարիք ունեն: Այս միջոցառումը երեխաների համար մեր հարևան երկիրը բացահայտելու ևս մեկ հնարավորություն է»,- նշել է տնօրենը և համատեղ գործակցության համար շնորհակալություն հայտնել Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ այդ ծրագիրը շարունակական կլինի: