Միացյալ Նահանգներն ակտիվանալու է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում. Աննա Կարապետյան (տեսանյութ)
ԱՄՆ մեծացնելու է ակտիվությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Գործիքակազմը կարող է տարբեր լինել՝ կոնստրուկտիվից դեստրուկտիվ: Շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե ինչպես կդիրքավորվի Հայաստանը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Եթե Դոնալդ Թրամփն իր ամբողջ քաղաքականությունը կառուցում էր նրա վրա, որ առաջինն Ամերիկան է, առաջինը ներքին խնդիրներն են, ապա Բայդենը հայտարարում է՝ «Ամերիկան վերադառնում է», ԱՄՆ վերականգնելու է իր հեղինակությունն ու դերը»,- նշել է նա՝ մեկնաբանելով արտաքին քաղաքական իր գերակայությունների վերաբերյալ Ջո Բայդենի ելույթը Պետդեպարտամենտում:
«Բայդենի հայտարարությունները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը պահպանվելու է, հռետորաբանությունը դեռ աճելու է»,- նշել է Կարապետյանը:
Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները փորձելու է վերականգնել իր դերակատարումը: Փորձագետի կարծիքով, Արցախյան հակամարտության համատեքստում նույնպես պետք է ակնկալել, որ ակտիվանալու են, և այստեղ զարգացումները բավական բարդ կարող են լինել:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը մշտապես եղել է այն քիչ ձևաչափերից մեկը, որտեղ ԱՄՆ և ՌԴ արդյունավետ համագործակցել են: Սակայն այսօր իրավիճակը փոխված է, ՌԴ-ն մշտապես ավելի մեծ ակտիվություն է ունեցել, բայց նման ներգրավման տարբերություն, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայմամբ, չի եղել: Այսօր բալանսներն ի օգուտ Ռուսաստանի խախտված են, Միացյալ Նահանգները փորձելու են վերականգնել բալանսները»,- ասել է Աննա Կարապետյանը:
Նրա կարծիքով, գործիքակազմը կարող է տարբեր լինել՝ կոնստրուկտիվից դեստրուկտիվ: Շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե ինչպես կդիրքավորվի Հայաստանը:
«ԱՄՆ կարող է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա, որպեսզի սկսվեն բանակցություններ կարգավիճակի հարցի շուրջ: Չի բացառվում, որ գերիների հարցում փորձի ցույց տալ, որ կարող է անել ավելին, քան Ռուսաստանը: Սակայն եթե Հայաստանի իշխանությունները փորձեն օգուտներ քաղելու համար իրենք ԱՄՆ-ին հրավիրողը լինել, մենք շատ մեծ խնդիրներ կարող ենք ունենալ»,- նշել է նա:
Քաղաքագետը նշում է, որ հնարավորություններ ստեղծվում են, բայց կան նաև մարտահրավերներ: Անհրաժեշտ է շատ նուրբ դիվանագիտություն, որն այդ ամենից կփորձի օգտվել, բայց ՌԴ հետ սերտ և թափանցիկ աշխատելով, ոչ թե ի հաշիվ ՌԴ շահերի: «Բոլոր դեպքերում, երբ փորձ է արվելու բախման վրա խաղալ, մենք մեր համար խնդիրներ ենք ստեղծելու»,- ասել է Կարապետյանը:
Ավելի մանրամասն տեսանյութում: