«ՌԴ֊ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին». Միշուստինը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։
«Նախորդ տարին դյուրին չէր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մեր համագործակցության կարևոր ուղղություններից մնալ։ Ակնհայտ է, որ վճռորոշ գործոն կլինի պատվաստման համար հնարավորությունների ստեղծումը։
Ինչպես գիտեք Ռուսաստանում արդեն երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը, և ՌԴ նախագահի որոշմամբ սկսվել է մասսայական անվճար պատվաստման գործընթաց։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը և կիսվել մեր փորձով»,֊ասել է ՌԴ վարչապետը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև այլ քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Որպես պիլոտային ծրագիր գործարկվել է «Ճամփորդում եմ առանց Covid 19- ի» ծրագիրը։ ՌԴ վարչապետի խոսքով, այդ ծրագրով աշխատում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն նա հույս հայտնեց, որ այդ երկրների ցանկը կընդլայնվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց ազատ տեղաշարժվել, մեկնել ճանապարհորդության կամ աշխատանքի նպատակով։