«Ասել էին` զոհը հայտնի ռեփերի կին է». Փարիզում Քարդաշյանին կողոպտած տղամարդն իր նոր գրքում խոստովանել է, որ գաղափար չի ունեցել՝ ում վրա է հարձակվում (լուսանկարներ)
Ֆրանսիացի Յունիս Աբասը, որը 2016-ին Փարիզի հյուրանոցներից մեկում մասնակցել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործողությանը, իր նոր գրքում խոստովանել է, որ գաղափար չի ունեցել՝ ում է կողոպտում, գրում է Daily Mail-ը։
67-ամյա Աբասը, որը ԶԼՆ-ներում հայտնի է «կողոպտիչ պապիկ» անունով, դատարանում չի պատրաստվում վիճարկել իր դեմ մեղադրանքները։ Փոխարենը՝ իր նոր գրքում մանրամասնորեն պատմել է կողոպուտին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին և ներողություն խնդրել Քարդաշյանից։
Աղբյուրը հիշեցնում է, որ Աբասն այն 12 անձանց թվում էր, որոնք 2016-ին կողոպտել էին Ֆրանսիայում Քարդաշյանի վարձակալած շքեղ հյուրանոցային համարը։ Նրանք կապել էին իրապաում շոուի աստղին և շուրջ 9 միլիոն եվրո (գրեթե 11 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր գողացել․ դա վերջին երկու տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ամենախոշոր կողոպուտն էր։
Իր գրքում Յունիս Աբասը նշում է, որ չգիտեր զոհի ինքնությունը․ նրա մասին հաջորդ օրը լսել է հեռուստացույցով։
«Գլուխս ձեռքերիս մեջ առա, կինս անմիջապես գլխի ընկավ ու ասաց․ «Դո՛ւ ես արել»։ Այդ գիշեր տուն չվերադարձա և նա հասկացել էր, որ իր կասկածները ճիշտ էին»,- հայտնել է տղամարդը։
Նրա խոսքով՝ կողոպուտից առաջ իրենց ընդամենը տեղեկացրել էին, որ «զոհը հայտնի ռեփերի կին է»։
«Գաղափար չունեինք, որ նման աղմուկ կբարձրանա։ Գրեթե միանգամից հասկացա, որ վաղ թե ուշ բռնվելու ենք․ ճնշումը մեծ էր»,- խոստովանել է նա։
Ինչ վերաբերում է կողոպուտին, նա պնդել է, որ այն տեղի է ունեցել շատ արագ՝ րոպեների ընթացքում՝ «գուցե հինգ, վեց, յոթ րոպեում, քանի որ ամեն ինչ հարթ է անցել», սակայն դուրս գալուց հետո պատահաբար գցել է թանկարժեք զարդերով լի պայուսակը, փորձել է հավաքել, բայց չի հասցրել բոլորը վերցնել։
Աբաասը, որը 21 տարի անցկացրել է բանտում, Փարիզում կողոպուտից հետո 22 ամիս անց է կացրել ճաղերի հետևում, սակայն դատավորը առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան ազատ արձակելու կարգադրություն է տվել․ կողոպտիչը հույս է հայտնել է, որ հիմա՝ երբ սրտի վիրահատություն է տարել, երդվյալ ատենակալները նույնպես ներողամիտ կգտնվեն իր հանդեպ։
Վերջում Աբասը նշել է, որ կցանկանար ներողություն խնդրել Քարդաշյանից ։
«Ես ցավում եմ արածներիս համար, և հիմա այս մասին չեմ հայտնում զուտ այն այն պատճառով, որ ինձ բռնել են»,- հավելել է նա։