«ԱՄՆ-ն փախստականների ընդունման սահմանաչափը կբարձրացնի` հասցնելով 125 000-ի». Ջո Բայդեն
ԱՄՆ-ն կբարձրացնի փախստականների ընդունման սահմանաչափը՝ այն հասցնելով տարեկան 125 000-ի: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտում արտաքին քաղաքականությանը նվիրված իր հիմնական ելույթի ժամանակ, հայտնում է CNBC-ն:
«Այսօր, ես հաստատում եմ մի գործադիր հրաման, որով կմեկնարկի փախստականների ընդունման մեր ծրագիրը վերականգնելու քրտնաջան աշխատանքը»,- ասել է պետության ղեկավարն ու հավելել՝ ժամանակ է պետք՝ վերակառուցելու այն ամենն, ինչին այդքան մեծ վնաս է հասցվել:
Միևնույն ժամանակ Բայդենը բացատրել է՝ նոր հրամանագրով կվերականգնվի փախստականների ընդունելության ծրագիրը և կբարձրացվի տարեկան սահմանաչափը՝ հասցնելով այն մինչև 125 000-ի:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի օրոք այս սահմանաչափն ավելի ցածր է եղել: Մասնավորապես, Օբամայի (պաշտոնավարել է 2009-2017թթ.) օրոք փախստականների ընդունման առավելագույն սահմանաչափը կազմել է 110 000, իսկ Թրամփի օրոք՝ 15 000 մարդ: