Ներկայացուցիչների պալատը Բայդենի պաշտոնանկության հարցը բարձրացրած Թրամփի աջակցին հեռացրել է զբաղեցրած պաշտոններից
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինին երկու կոմիտեներում պաշտոններից զրկելու օգտին, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Գրինը, որը Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացրել էր վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը, վերջին շաբաթներին քննադատությունների թիրախում է հայտնվել սոցցանցերում դեմոկարտների հասցեին արված սկանդալային հայտարարությունների պատճառով։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կարգապահական միջոցների օգտին հանդես է եկել պալատի 299 անդամ, այդ թվում՝ 11 հանրապետական, իսկ դեմ՝ 199-ը: Գրինը կհեռացվի կրթության և աշխատանքի հարցերով կոմիտեից, ինչպես նաև բյուջեի հարցերով կոմիտեից։
Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից առաջ նա ափսոսանք է հայտնել ավելի վաղ արված որոշ հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք այևս «չեն արտացոլում իր արժեքները»։
Նշվում է, որ Գրինը 2019 թվականի հունվարին հավանել է ֆեյսբուքյան մեկնաբանությունը, որում ասվում է. «Փելոսիին (ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի) իր պաշտոնից հեռացելու ամենաարագ տարբերակը գլխին կրակելն է»։
Գրինը մեղադրվում է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և այլ դեմոկրատների հասցեին արված գրառումների համար։
Իմփիչմենթի մասին բանաձևի իր նախագծում քաղաքական գործիչը նշել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Բայդենը չարաշահել է իր իշխանությունը:
«Մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- ասել էր նա։