«Մոսկվան պատրաստ է վերանայել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը». ՌԴ
Վաշինգտոնը պետք է հստակ որոշում կայացնի «Բաց երկնքի մասին» պայմանագրին վերադառնալու առնչությամբ, որի դեպքում Մոսկվան էլ պատրաստ կլինի վերանայել համաձայնագրից դուրս գալու իր որոշումը: Այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոստանտին Գավրիլովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ազդանշաններին, ապա դրանք կարող են տարբեր լինել՝ և՛ հանրային, և՛ վստահության ուղիներով: Հիմնականն այն է, որ Վաշինգտոնը պետք է հստակ սահմանի իր դիրքերն առ այն, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին», - ասել է Գավրիլովն ու հավելել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ ուսումնասիրում է պայմանագրին վերադառնալու հարցը:
Դիվանագետը շեշտել է նաև, որ չնայած ելքի ընթացակարգի մեկնարկին՝ Ռուսաստանը կշարունակի ընդունել և իրականացնել դիտորդական թռիչքներ համաձայնագրի շրջանակներում: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դրանք կսկսվեն փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Հիշեցնենք՝ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին: Այն անդամ երկրներին թույլ է տալիս հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց տարածքում ՝ ռազմական գործողությունները և զենքի վերահսկման գործող պայմանագրերին համապատասխանությունը վերահսկելու համար: