Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղյակ չէ Բորելի՝ Նավալնիին այցելելու մտադրության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ փետրվարի 4-6-ը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեսնելու մտադրության մասին: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ հարցը պետք է ուղղել Բորելին և նրա այցի կազմակերպիչներին։ Ես տեղյակ չեմ նման մտադրությունների մասին»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարի այցի ժամանակ «քննարկվելու են Ռուսաստանի և ԵՄ-ի փոխհարաբերությունները»։
«Այդ հարաբերություններում փոխգործակցության բազմաթիվ հնարավորություններ կան, թեև խնդիրները քիչ չեն։ Կարծում եմ՝ մարդու իրավունքների հարցն էլ է բարձրացվելու։ ԵՄ-ի հետ շատ խոսելու բան կա»,- հավելել է նա։