Ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դրանում հաղթելու համար Փաշինյանը ծախսեր նույնքան ջանք ու էներգիա, որը ծախսում է այսօր՝ պատերազմից հետո իշխանությունը պահպանելու համար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է առանձնակի եռանդով ու դաժանությամբ։ Դժվար է ասել՝ արդյոք նա նույնչափ ջանք ու եռանդ ծախսե՞լ է իշխանության գալու համար 2018 թվականին, թե՞ այդուհանդերձ կապիտուլյացիայից հետո իշխանության պահպանման համար պահանջվող էներգիան բազմապատիկ ավելի է։ Իսկ եթե դա այդպես է, գոյության իրավունք է ստանում հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դրանում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը՝ որպես, ինչպես ինքն էր սիրում իրեն կոչել, գերագույն գլխավոր հրամանատար, ծախսեր նույն այն ջանքն ու էներգիան, որը ծախսում է այսօր՝ պատերազմից հետո իշխանությունը պահպանելու համար։
Հարցը, իհարկե, հռետորական է, սակայն բխում է այն անթաքույց իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում այդ էներգիան ոչ միայն չի ծախսել, այլ շատ դեպքերում էներգիա է ծախսել պատերազմի ընթացքը հատկապես ու հաստատապես այս ելքով ավարտելու համար։ Դա էլ իր հերթին՝ ծնում է նոր հարցադրում՝ իսկ գուցե պատերազմի արդեն իսկ արձանագրված ելքի՝ պարտության ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու միջև կա օրգանական ու դիալեկտիկական կա՞պ։ Այսինքն՝ գուցե մենք պատերազմում պարտվել ենք, որ նա մնա իշխանությա՞ն, կամ հակառակը, հնարավոր է՝ մենք պատերազմում չպարտվեինք, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին։
Սրանք հարցեր են, որոնց հնարավոր պատասխանները կարող են գտնվել ընդհուպ 2018 թվականի խորքերում կամ դրանից առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ու Արցախի հանձնման միջև կապի հարթությունում։ Որովհետև կա նաև վերը նշված հարցերից ածանցվող ու դրանց հետ փոխկապված ևս մեկ հարց՝ հնարավո՞ր է արդյոք, որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի իշխանությունը պատկաներ Նիկոլ Փաշինյանին, իսկ Շուշին ու Հադրութը՝ Ադրբեջանին, և արդյոք եթե տեղի չունենար այդ նույն հեղափոխությունը՝ պատերազմ կսկսվե՞ր ընդհանրապես և սկսվելու դեպքում կունենա՞ր նույն ելքը։
Այս և էլի շատ հարցեր կախված են օդում և երբևէ պատասխաններ են ստանալու՝ կամ որևէ քննիչ հանձնաժողովում, կամ դատարանում, կամ առնվազն պատմության էջերում։
Այս բոլոր հարցերի թիվ մեկ հասցեատերը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է՝ առաջին հերթին, քանի որ նա է 2018 թվականի գլխավոր շահառուն ու 2020 թվականի պատերազմի գլխավոր պատասխանատուն։
Նա, իհարկե, չի պատասխանի այս հարցերին, որովհետև պատասխանները շարադրելուց հետո կամ արդեն դրանից առաջ պետք է գրած լինի հրաժարականի տեքստը։
Այս հարցերը, սակայն, ուղեկցելու են Նիկոլ Փաշինյանին իր մնացած ողջ քաղաքական ու անձնական կյանքում։ Նա, հնարավոր է՝ խուսափի այս հարցերից մամլո ասուլիսների կամ այլ միջոցառումների ընթացքում, բայց այդ հարցերը, միևնույն է, անընդհատ հնչելու են՝ եթե ոչ հրապարակավ, ապա գոնե հայելու առաջ՝ ինքզինքը նայելիս։
Եվ գուցե հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի սափրվում՝ խուսափելով սեփական հայացքից ու այդ հայացքից հնչող լուռ հարցերից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: