Թուրքական «ուսապարկեր»․ այս իշխանությունը որևէ կերպ չի ուզում մոռանալ անցյալը և զբաղված է նախկին պաշտոնյաներին դատելով, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում առաջարկում է մոռանալ անցյալը. «168 ժամ»
«Պատերազմի ավարտից ու կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանական քարոզչությունը լծվել է ադրբեջանաթուրքական պայծառ հեռանկարների ներկայացման գործին։ Գրեթե ուղիղ տեքստով ասվում է՝ եկեք մոռանանք անցյալը և մտածենք ապագայի մասին։ Ընդ որում, դա ասվում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլև արտաքին հարթակներում՝ թուրք և ադրբեջանցի շրջանակների ներկայությամբ։
Նման հայտարարություններ հնչում են՝ ընդհուպ Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորների կողմից։ Այն պատգամավորների, ովքեր արդարացիորեն կամ ոչ այնքան՝ համեմատվել էին ուսապարկերի հետ։
Հիմա նրանք՝ պատգամավորները, կամ որ նույնն է՝ ուսապարկերը, հայտարարում են, որ պետք է մոռանալ անցյալի մասին և նայել դեպի ադրբեջանաթուրքական ապագա։ Այսպիսով, հընթացս հայտնի է դառնում, որ հայկական ուսապարկերն իրականում թուրքական արտադրության են։
Բայց դա չէ ամենակարևորը։ Ավելի էական է այն, որ Հայաստանի իշխանությունը՝ ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ՝ այս պարագային, առաջնորդվում է երկակի ստանդարտներով։ Երկրի ներսում որևէ կերպ չի ցանկանում մոռանալ անցյալը և զբաղված է նախկին իշխանության ներկայացուցիչներին դատելով, իսկ ահա Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում՝ առաջարկում է մոռանալ անցյալը և մտածել ապագայի մասին։ Այսինքն՝ Հայաստանի գործող իշխանությունը բազմապատիկ ավելի ներողամիտ է առնվազն 5000 հայորդիների սպանությունն իրականացրածների՝ Ալիևի ու Էրդողանի հանդեպ, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, որոնք, ի դեպ, իրենց համար մոռանալի անցյալում մեծ դեր են ունեցել Արցախի ազատագրման համար մղված պայքարում, ու ի տարբերություն դեպի ապագան նայող գործող իշխանությունների՝ արձանագրել են ոչ թե խայտառակ պարտություն, այլ հաղթանակներ։
Այս երկակիության մեջ կարևորն առանձին վերցրած անձինք չեն, այլ այն խայտառակ, հակաազգային երևույթը, որ, փաստորեն, Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր պատրաստ են բարեկամանալ իրական թշնամիների հետ՝ ուրանալով անցյալը, և ներքին քաղաքական հակառակորդների հետ վարվել թշնամաբար։ Սա բացահայտում է իմքայլականների իրական արժեհամակարգն ու առաջնահերթությունները․ նրանց համար կա մի գերագույն արժեք՝ իշխանությունը, որը պահպանելու համար պատրաստ են ծնկի իջնել անգամ թշնամու առաջ և թշնամանք տարածել երկրի ներսում։
Անցյալը մոռանում կամ ուրանում են նրանք, ովքեր հոգեբանական խնդիրներ ունեն անցյալի հետ։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն անհատապես ու հավաքականորեն հենց այդպիսի խնդիրներ ունեցողներ են՝ նրանց համար կյանքը սկսվում է 2018 թվականի գարնանից, իսկ դրանից առաջ եղել է իրականություն, որում իրենք էլի եղել են ուսապարկեր, բայց առանց պարգևավճարների ու մնացյալ իշխանական արտոնությունների։ Հիմա դրանք կան, իսկ ապագայում կարող են ավելանալ, քանի որ նրանց հավատացրել են, որ ադրբեջանաթուրքական հեռանկարները նոր նյութական հնարավորություններ են ստեղծելու Հայաստանի համար։ Իսկ նոր հնարավորություն՝ նշանակում է՝ նոր պարգևավճարներ։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: