Վարչապետը՝ ընդդեմ Նիկոլի․ կա՛մ Փաշինյանն անհաղթահարելի բարդույթներ ունի սեփական կենսագրության առնչությամբ, կա՛մ մտածում է, որ այն, ինչ կարելի էր իրեն, չի կարելի ուրիշ որևէ մեկի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Իշխանությունը հերթական դարակազմիկ նախաձեռնությունն է ներկայացրել, որով ցանկանում է հերթական սահմանափակումը հաստատել մամուլի նկատմամբ․ մի խումբ ուսապարկեր ներկայացրել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ այլեւս արգելվելու է անանուն աղբյուրներից տեղեկատվության հրապարակումը։ Առաջին հայացքից խայտառակ ու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունն իրականում շատ օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի պարագայում։
Անցած շուրջ երեք տարիներին նա հետեւողականորեն զբաղված է եղել ու է՛ ժողովրդավարական բռնապետության հաստատմամբ․ օրենսդիր ու գործադիր իշխանությունների, սահմանադրական դատարանի ուզուրպացիայից, վերջերս էլ նաեւ դատական համակարգի ջհանգիրյանացումից հետո օրինաչափորեն հաջորդը պետք է լիներ մամուլը, քանի որ բռնատիրական համակարգերին ազատ մամուլը հակացուցված է, ինչպես, օրինակ, մտածող պատգամավորը՝ Հայաստանում այսօր գործող խորհրդարանում։
Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր վերահսկողությունից դուրս գտնվող հերթական, բայց չափազանց կարեւոր ոլորտի գործունեության սահմանափակմանը։ Քաղաքական տրամաբանությամբ նրա քայլերը հասկանալի են․ նա չի հանդուրժում այլակարծությունը եւ ամեն ինչ անում է այն վերացնելու համար։ Խնդիրը, սակայն, ավելի շատ անձնական, բարոյական հարթությունում է։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր, կայացել է առավելապես անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ հրապարակելով։ Դրանց ոչ մեծ մասն է համապատասխանել իրականությանը, բայց դա չի խանգարել, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կայանա՝ որպես «ընդդիմադիր լրագրող»։ Հիմա նա, փաստորեն, պայքարում է իր իսկ կայացմանն այդքան նպաստած հնարավորության դեմ, որը, ի դեպ, ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից է։
Այս տեմպերով շարունակելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ փորձելու է օրենքով, հնարավորության դեպքում՝ նաեւ սահմանադրորեն արգելել նաեւ «համաժողովրդական պայքարի» միջոցով իշխանության փոփոխությունը, ճանապարհը, որով ինքը եկել է իշխանության։
Այսպիսով, կա՛մ Նիկոլ Փաշինյանն անհաղթահարելի բարդույթներ ունի սեփական կենսագրության առնչությամբ ու իր անցած ճանապարհն այնքան սխալ է համարում, որ ցանկանում է արգելել դրա կրկնությունը, կամ մտածում է, որ այն, ինչ կարելի էր իրեն, չի կարելի ուրիշ որեւէ մեկի։
Երկու դեպքում էլ խնդիրը դուրս է միայն քաղաքականության շրջանակներից եւ կարիք ունի հոգեբանների բացատրության։ Բայց անկախ հոգեբանական շարժառիթներից՝ արդյունքի առումով պատկերը չի փոխվում․ Նիկոլ Փաշինյանը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, որի ամենալուրջ հակառակորդը, ինչպես հայտնի է, ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունը կարող է հայտնվել ոչ միայն հասցեական, այլ, ինչպես սովորաբար պատահում է՝ անանուն։ Հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ ցանկացած ճշմարտության հեղինակի ճնշելու համար օգտագործվում է ողջ պետական համակարգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում