Եվրոպայում ապօրինի միգրանտներից եւս տեղեկանք են պահանջում կորոնավիրուսի բացակայության մասին
Կորոնավիրուսով վարակվելու վախն ամենուր է, նույնիսկ` մաֆիայի շարքերում, որը զբաղվում է ապօրինի միգրանտների` Եվրոպա տեղափոխմամբ: Եվ հիմա նրանք իրենց «հաճախորդներից» թեստ COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունքներ են պահանջում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նոր պահանջների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ իսպանական ոստիկանությունը Մայորկայի մերձակայքում գաղտնալսել էր միգրանտներ տեղափոխող նավը: Նավի կապիտանը ձերբակալվել է, իսկ նրա վեց «ուղեւորները» կարանտին են ուղարկվել: Նրանցից էլ իրավապահներն իմացել են, թե ինչպես է այժմ գործում մաֆիան: Բացի այն փաստից, որ անօրինական ներգաղթյալները միակողմանի տոմսի համար պետք է 4 հազար եվրո հավաքեն, նրանք դեռ պետք է կորոնավիրուսի բացակայության մասին տեղեկանք ստանան: Նման փաստաթղթով նրանք կարող են նույնիսկ փորձել զբոսաշրջիկ ձեւանալ: Այնուամենայնիվ, Բալեարյան կղզիներում դա այժմ չի օգնի, իսպանական այս տարածաշրջանն ամենավատ ժամանակաշրջաններից մեկն է ապրում տուրիզմի պատմության մեջ. հանգստացողներ գրեթե չկան:
El Mundo-ն նշում է, որ անցյալ տարի Բալեարյան կղզիների մերձակայքում իրավապահները 1464 միգրանտների էին բռնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Անօրինականները փորձել էին օգտվել առիթից երբ Իսպանիայի իշխանությունները համավարակի առաջին ալիքից հետո բացեցին սահմանները եւ թագավորության հանգստավայրեր տարբեր երկրներից զբոսաշրջիկներ գնացին: Սակայն այժմ անսովոր հանգստություն է տիրում: Ավելի վաղ` հունվարին, ոստիկանությունն ու առափնյա պահպանությունը մեծ աշխատանք ունեին, դա ամենաթեժ ամիսներից մեկն էր, երբ ապօրինի ներգաղթյալներով նավակների հսկայական ալիքներ էին լողում դեպի կղզիներ: Իսկ այժմ հակաքովիդային բոլոր սահմանափակումների եւ իրավապահ մարմինների ինտենսիվ աշխատանքի պատճառով քչերն են համարձակվում ճանապարհ ընկնել: