Գերմանիայից, Ավստրիայից և Նիդերլանդներից 12 ադրբեջանցի է արտաքսվել
Գերմանիայից, Ավստրիայից և Նիդերլանդներից այդ երկրներում ապօրինի բնակություն հաստատած 12 ադրբեջանցի է արտաքսվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
3-ական մարդ արտաքսվել է Գերմանիայից և Նիդերլանդներից, 6-ը՝ Ավստրիայից: Եվրոպական երկրներից արտաքսվածների մեջ 1 անձ Ռուսաստանի քաղաքացի է, մյուսները` Ադրբեջանի:
Վերջերս մի շարք ադրբեջանցիների ապաստան տալուց հրաժարվելու պատճառը եվրոպական միգրացիոն իշխանություններին կեղծ փաստաթղթեր ներկայացնելն է: Քննության ընթացքում, Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին ուղղված հարցման միջոցով, հայտնաբերվում է փաստաթղթերի կեղծումը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել Գերմանիայում հետաքննվող «միգրանտների վաճառք» գործում ներգրավված անձանցից մեկից: