Քաղցկեղը երեք անգամ հաղթահարած աղջիկը մահացել է COVID-19-ի հետևանքով
ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքից 17-ամյա Էսփեն Դիկը երեք անգամ հաղթել է քաղցկեղը եւ մահացել կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջացրած բարդություններից:
Աղջկա մոտ 4-ամյա տարիքում ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ, հայտնում է 10 WAVY հեռուստաալիքի կայքը: Չնայած ախտորոշումներն անմխիթարական էին, աղջիկը 4 տարի քիմիաթերապիա է անցել ու ոսկրածուծի փոխպատվաստում եւ ողջ է մնացել: Կարճատեւ կյանքի ընթացքում նրան հաջողվել է հաղթահարել ուռուցքային հիվանդության երեք տեսակներ:
Էսփենի մոտ նոյեմբերին կորոնավիրուսային ինֆեկցիա են ախտորոշել: Նրան հոսպիտալացրել են Ծննդյան տոներից երկու շաբաթ առաջ: Այդ ժամանակից ի վեր նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում եւ միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին: Հունվարի 30-ին աղջիկը մահացել է:
Նրա ծնողների խոսքով՝ կորոնավիրուսը, փաստորեն, ուռուցքային հիվանդությունից շատ ավելի սարսափելի է:
«Օնկոլոգիայի դեպքում ախտորոշումը սարսափելի է հնչում, բայց դու, համենայնդեպս, գիտես, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Իսկ այս դեպքում ոչ մի բան հայտնի չէ»,- ասել է նրա հայրը՝ Էրիկ Դիկը: