«Այժմ իրավիճակն այլ է». Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին
ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին: Այս մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական հրապարակման փետրվարյան համարում տեղ գտած հոդվածում, գրում է The Washington Times-ը:
Ռիչարդը նկատում է՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Պենտագոնը ստիպված չի եղել դիտարկել միջուկային տերության հետ ուղղակի ռազմական առճակատման հնարավորությունը, բայց այժմ իրավիճակն այլ է:
«Իրական հավանականություն կա, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է արագ վերաճել միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության, եթե, նրանց կարծիքով, սովորական զենքի օգտագործմամբ պարտության դեպքում սպառնալիք լինի քաղաքական համակարգին կամ պետությանը», - բացատրել է Ռիչարդը:
Ըստ ծովակալի՝ Վաշինգտոնի հավանական հակառակորդների կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության բացառումը սխալ է:
Միևնույն ժամանակ ծովակալը պարզաբանել է՝ մինչ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կենտրոնացել է ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանն ու Չինաստանը, կարծես, ձեռնամուխ են եղել ագրեսիվ քաղաքականության՝ «սառը պատերազմի» ժամանակաշրջանից ի վեր չտեսնված եղանակներով մարտահրավեր նետելով միջազգային նորմերին:
Նման գործողությունները, ըստ ամերիկացի ծովակալի, չպետք է անպատասխան մնան Վաշինգտոնի կողմից:
«Մենք պետք է ակտիվորեն գործենք նրանց ագրեսիան զսպելու համար: Տեղի տալով նրանց նախաձեռնություններին՝ մենք ռիսկի ենք դիմում ամրապնդել նրանց համոզմունքներն այն մասին, թե ԱՄՆ-ն չի ցանկանում կամ չի կարող պատասխանել, ինչը կարող է նրանց ավելի սադրել», - գրել է Ռիչարդը:
Բացի այդ, նա շեշտել է Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների զգալի աճը: Այս առնչությամբ հոդվածում Ռիչարդը մանրամասն նկարագրել է Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացումը և Մոսկվայի կողմից նոր զենքի ստեղծումը: