Բայդենն ու կինը հարգանքի տուրք են մատուցել Կոնգրեսի շենքում անկարգությունների ժամանակ զոհված ոստիկանի հիշատակը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կին՝ Ջիլ Բայդենը, հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ Կոնգրեսի շենքում անկարգությունների հետևանքով զոհված Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիկի հիշատակին, հաղորդում է CNN-ը։
Ավելի վաղ Սիքնիկի աճյունը տեղափոխվել էր Կապիտոլիում՝ հրաժեշտի արարողության համար: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Կոնգրեսի շենք են ժամանել երեքշաբթի երեկոյան:
Այսօր ոստիկանին կհուղարկավորվեն Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: