Մակրոնը գնահատել է Ֆրանսիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել է Ֆրանսիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մի քանի շաբաթ առաջ որոշում էի կայացրել գիտական պատվիրակություն ուղարկել Ռուսաստան՝ խորհրդակցությունների նպատակով։ Այդ խորհրդակցությունները դրական էին։ Այսօր մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնք ներկայացնում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիայում որևէ պատվաստանյութի օգտագործման համար նախ անհրաժեշտ է, որ այն Եվրամիության և Ֆրանսիայի բժշկական կարգավորիչների կողմից հավանության արժանանա։
«Դա քաղաքական հարց չէ, դա գիտական հարց է»,- վստահեցրել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը նաև խոստացել է, որ բոլոր ֆրանսիացիները մինչև ամռան ավարտը կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի առողջապահության գերագույն կոմիտեն հավանություն է տվել AstraZeneca ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը: Երկրում թույլատրված են նաև Moderna, Pfizer և BIONTECH ընկերությունների արտադրության պատվաստանյութերը:
Նախօրեին The Lancet ամսագիրը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության երրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն այն անվտանգ է և արդյունավետ։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս: