Նավալնիի դատավարության ու նրան ազատազրկելու դատավճռից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, որից 828-ը՝ Մոսկվայում
Փետրվարի 2-ին Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դատավարության ընթացքում, իսկ նրան ազատազրկելու որոշման հրապարակումից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ընդհանուր առմամբ, 1012 մարդ է ձերբակալվել, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով իրավապաշտպան «ОВД-Инфо» կազմակերպության հրապարակած տվյալներին:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեծ մասը Մոսկվայից են՝ 828 մարդ, որից շուրջ 350-ը դատարանի մոտից են ձերբակալվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ էին փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը:
РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:
Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը:
Ցուցարարներ են ձերբակալվել նաև Մոսկվայի մի շարք այլ փողոցներից: