Նավալնին 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, որից 2,5 տարին կանցկացնի ընդանուր ռեժիմի բանտում
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Չնայած նրա հետ ձեռնարկված կանխարգելիչ գործողություններին՝ Նավալնին բազմիցս խախտել է ստուգման համար ներկայանալու ժամկետները: Դատարանը կարծում է, որ Քրեակատարողական դաշնային ծառայության առաջարկը ենթակա է բավարարման»,- ասվում է դատավճռում:
Մինչև որոշման ուժի մեջ մտնելը Նավալնին կմնա մեկուսարանում: Ազատարկման իրական ժամկետով պատիժը Նավալնին կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նախնական տվյալներով՝ նա գաղութում կանցկացնի 2.5 տարի՝ հաշվի առնելով «Իվ Ռոշեի» գործով տնային կալանքի տակ անցկացրած մեկ տարին:
Ընդդիմադիր գործչի պաշտպանությունը հայտնել է, որ կբողոքարկի դատարանի որոշումն ազատազրկման ժամկետն իրականով փոխարինելու մասին:
Հիշեցնենք, որ պայմանական ազատազրկման Նավալնիին դատապարտվել էր «Իվ Ռոշե» ընկերությունից հափշտակումների մասին քրեական գործի շրջանակում: