Ծովակալ Չարլզ Ռիչարդ. ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմին
ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ միջուկային պատերազմին եւ փնտրի նոր ուղիներ՝ երկու երկրների կողմից նոր ձեռք բերված առաջադեմ ռազմավարական զենքերի օգտագործումը զսպելու համար: Այս մասին նախազգուշացնում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար, ծովակալ Չարլզ Ռիչարդը:
«Իրական հավանականություն կա, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է արագ վերաճել միջուկային զենքի հետ կապված հակամարտության, եթե նրանք զգան, որ սովորական զենքի կորուստները սպառնում են ռեժիմին կամ պետությանը»,- ասել է նա:
Պենտագոնը պետք է սկզբունքային այն ենթադրությունից, թե միջուկային զենքի օգտագործումը գործնականում անհնար է, անցնի «շատ իրական հնարավորության»,- ասել է նա:
Կառավարությունը եւ ռազմական ղեկավարները պետք է ավելի լավ հասկանան միջուկային հակամարտության նոր վտանգները եւ մշակեն զսպման նոր հասկացություններ, անհրաժեշտության դեպքում՝ միջուկային պատերազմ վարելու ռազմավարություն:
Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից ռազմավարական առաջադեմ ուժերի տեղակայումը ԱՄՆ-ից պահանջում է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել` նոր սպառնալիքների պայմաններում զսպումն ուժեղացնելու համար: Փոփոխությունների բացակայության պայմաններում մենք կրկին գտնվում ենք մեր նախընտրած հակամարտությանը նախապատրաստվելու ճանապարհին, այլ ոչ թե այն հակամարտությանը, որին մենք, ամենայն հավանականությամբ, կբախվենք»:
Վերջին տարիներին Մոսկվան եւ Պեկինը ներդրումներ են կատարել միջուկային եւ ռազմավարական կարողությունների ավելացման մեջ՝ ԱՄՆ գործողությունները կաշկանդելու, դաշինքներ փորձարկելու եւ «մեզ շրջանցելու համար, այդ թվում՝ միջուկային զենքի օգտագործման հարցում»,- ասել է ծովակալ Ռիչարդը:
«Մրցակցության նոր դարաշրջանում սա մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ է, որ այս տասնամյակի վերջին մենք ստիպված ենք լինելու բախվել երկու միջուկային անալոգների հետ»,- ասել է նա The Washington Times-ին։
«Մենք ենթադրում էինք, որ ռազմավարական զսպումը ապագայում էլ կպահպանվի, բայց սպառնալիքի միջավայրը փոխվելուն զուգընթաց, դա կարող է այդպես չլինել»,- հավելել է նա: «Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանել սպառնալիքներին՝ մեր երկրի եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ միաժամանակ համապարփակ մտածելով 21-րդ դարում ռազմավարական զսպման մասին»: