«Միջանցքի հարց ընդհանրապես գոյություն չունի էս պահին»․ Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին. «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Ներկայացնում ենք հատված։
-Հունվարի 30-ին Մոսկվայում փոխվարչապետների եռակողմ հանդիպմանը որոշվեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքներն սկսելու համար մինչև փետրվարի 2-ը փորձագիտական խմբեր ստեղծել: Ստեղծվե՞լ են արդեն:
-Էսօր-վաղվա ընթացքում: Երկու ենթախումբ է լինելու՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով և փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ ձևերի գծով: Մեկը կհամակարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մյուսը՝ ՊԵԿ-ը: Կարծում եմ՝ տեղակալների մակարդակով, մաքսային բլոկով՝ ՊԵԿ-ը, ՏԿԵՆ-ի մասով էլ կլինի ճանապարհների գծով պրոֆիլային փոխնախարարը՝ Արմեն Սիմոնյանը:
-Ինչո՞վ է պայմանավորված այս արագացված ընթացքը, որ օր առաջ ուզում են աշխատանքներն սկսել:
-Անկեղծ ասած, եթե հունվարի 11-ի հայտարարությամբ նայենք, էնտեղ, կարծում եմ, ժամկետները պայմանավորված են, ու ընթանում ենք էդ ժամկետներին համապատասխան:
-Հայկական կողմի համար ընդունելի՞ են այդ ժամկետները՝ նման արագացված կարգով:
-Ես կարծում եմ, որ եթե աշխատանքները պահանջեն ավելի շատ ժամկետ, մեծ պրոբլեմ չեմ տեսնում՝ դրա հետ կապված:
-Իսկ այս իրավիճակում, երբ կոնֆլիկտը չի սառել, սահմաններն անվտանգ չեն, իրագործելի համարո՞ւմ եք ապաշրջափակում սկսելը:
-Առնվազն, ես կարծում եմ, աշխատանքները պետք է սկսել, էս փուլում մենք խոսում ենք աշխատանքները սկսելու մասին: Հարցը պետք է քննարկվի:
-Խոսքը միայն Սյունիքի մարզով և Մեղրիով ապաշրջափակման մասի՞ն է, թե քննարկվում է նաև Իջևանով ու Ղազախով դեպի Բաքու ճանապարհի հարցը, չէ ՞որ ապաշրջափակումը միայն մեկ ուղղություն չի ենթադրում:
-Այո, իրավացի եք, և էսօրվա հայտարարությունները, որով մենք պետք է առաջնորդվենք, որևէ կաշկանդվածություն էդ իմաստով չեն սահմանում որևէ կողմի համար:
-Իսկ Դուք ադրբեջանական կողմի հետ այդ հարցը բարձրացրե՞լ եք, թե ինչու Հայաստանի մյուս հատվածներում ապաշրջափակման հարցն առաջ չի քաշվում:
-Ես կարծում եմ՝ թող փորձագետներն աշխատեն, և էդ ժամանակ առաջ կքաշվեն հարցերը Ձեր ասած տրամաբանությամբ: Վստահ եմ, որ էդպես էլ կլինի: Բայց էս պահին ոչ մի կոնկրետ ուղղություն դեռևս չի քննարկվել, և ենթախմբերի անվանումից նույնիսկ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է, ընդհանուր առմամբ, ապաշրջափակմանը, այլ ոչ թե կոնկրետ ուղղությունների:
-Այդ դեպքում դուք Մոսկվայում ի՞նչ եք քննարկել:
-Ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի, որ փորձագետներն աշխատեն, որից հետո մենք անպայման առիթ կունենանք խոսելու էդ ամեն ինչի մասին:
-Մեղրիով միջանցք տրամադրելու հարց կա՞ օրակարգում, թե ոչ:
-Միջանցքի հարց ընդհանրապես գոյություն չունի էս պահին և, կարծում եմ, գոյություն չի ունենալու:
-Մեղրիո՞վ միջանցքի, թե առհասարակ:
-Ընդհանրապես միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվում: Ես որևէ նման հարց իրենց հետ չեմ քննարկել, որը միջանցք կանվանվի կամ կկոչվի:
-Այդ դեպքում ադրբեջանական կողմն ի՞նչ է ակնկալում մեզնից:
-Ապաշրջափակման ուղիներ են քննարկում:
-Մենք Երասխով դեպի Նախիջևան երկաթգծի մի հատված ունենք, որը չի շահագործվում: Դա շրջանցելո՞ւ են, թե եղածն օգտագործվելու է:
-Դա կարող են օգտագործել, եթե Նախիջևանի մասին է խոսքը: Իմ ունեցած տեղեկություններով՝ էս պահին երկու երկաթգծի վրա էլ աշխատանքներ կան անելու՝ թե՛ Ղազախով, թե՛ Մեղրիով: Ամենաքիչ ծախսատարը, կարծում եմ, Նախիջևանի երկաթուղին վերականգնելն է:
-Իսկ հայկական կողմն այստեղ ի՞նչ կարգի ներդրում է անելու՝ թե՛ ֆինանսական մասով, թե՛ աշխատանքների իրականացման:
-Էս պահին չեմ կարող ասել, քանի որ էս պահին քննարկման փուլն էդ աստիճանի հասունացած չէ, որպեսզի նման հարցերի պատասխաններ կարողանամ տալ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: