Բրիտանիայում Covid-19-ից մահացել է 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով միլիոններ է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիայում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սըր Թոմ Մուրը, ով 100 տարեկան էր: Գարնանը նա օգնել էր մոտ 33 միլիոն ֆունտ սթեռլինգ հավաքել կոորավիրուսի դեմ պայքարի համար՝ իր իսկ պարտեզում կազմակերպած բարեգործական մարաթոնի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Սըր Թոմը թոքաբորբի ախտորոշմամբ կիրակի օրը ընդունվել էր անգլիական Բեդֆորդ քաղաքի հիվանդանոց: Մեկ շաբաթ առաջ նրա մոտ Covid-19 էր ախտորոշվել։
Ապրիլի 30-ին Մուրը նշել է իր հարյուրամյա հոբելյանը՝ հասցնելով մինչ այդ Բրիտանիայի հերոս դառնալ: Ծննդյան օրը նրան շնորհվել էր գնդապետի պատվավոր կոչում, իսկ բրիտանական ռազմաօդային ուժերը Մուրին շնորհավորել էին նրա տան վրայով թռչելով:
Ամռանը Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Թոմ Մուրին ասպետ էր կարգել։