Սկանդալային գրությամբ բաճկոն, ատելի սուրբծննդյան տոներ և հրապարակային ելույթներ․ Լuxury Լaunches-ը Մելանյա Թրամփի մասին հետաքրքիր դրվագներ է ներկայացրել
ԱՄՆ-ի առաջին տիկիններն ավանդաբար նրբանկատ են, զուսպ և իրենց քայլերում զգուշավոր, աջակցում են իրենց ամուսիններին՝ ջանալով ուշադրությունը չբևեռել իրենց վրա և կենտրոնանալ բարեգործական աշխատանքների ուղղությամբ։
Վերոնշյալ բնորոշումները բնութագրական չէին նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփին, որն իր համար «նոր կանոններ» էր ստեղծել և հաճախ՝ ոչ դրական իմաստով։
Լuxury Լaunches-ը շաբաթներ առաջ Սպիտակ տունը լքած Մելանյա Թրամփի մասին հետաքրքիր դրվագներ է ներկայացրել։
Հագուստի վատ ընտրություն
Մելանյա Թրամփը հայտնի է իր բարձրաճաշակ ոճով, սակայն վրիպումները բնորոշ են բոլորիս, այդ թվում՝ նախկին առաջին տիկնոջը, որը ԱՄՆ-ի սահմանին կալանավորված ներգաղթյալ երեխաներին այցելության ժամանակ կրել է «Ինձ համար միևնույնն է, իսկ քե՞զ համար» գրությամբ Zara-ի բաճկոն։ Այն մի շարք տհաճ խոսակցությունների առիթ էր դարձել։
Սիրո հրապարակային դրսևորում
Ի տարբերություն Սպիտակ տան մյուս զույգերի՝ Դոնլադ Թրամփը և նրա կինը, կարծես թե, հանրության առջև խուսափում էին գրկախառնվել և ողջագուրվել։ Համացանցում հայտնվել են մի շարք տեսանյութեր, որոնցում Դոնալդ Թրամփը փորձում է բռնել կնոջ ձեռքը, ինչից վերջինս հրաժարվում է։
Սուրբծննդյան տրամադրություն
Թրամփ ընտանիքի երկրպագուների համար ամենազարմանալին այն էր, որ Մելանյա Թրամփն, իրականում, դժգոհությամբ է կատարել Սպիտակ տան արարողակարգային պարտականությունները։
Իր նախկին լավագույն ընկեր և խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկոֆի հետ գաղտնի հեռախոսազրույցում նա (օգտագործելով հայհոյանքներ) դժգոհում է, որ ստիպված է սուրբծննդյան տոներին ընդառաջ զբաղվել տոնական ձևավորմամբ։
Սկանդալային ելույթներ
Մելանյա Թրամփը 4 տարիների ընթացքում շատ ելույթներ չի ունեցել, սակայն նրա անվան շուրջ ամենամեծ սկանդալները կապված են նրա հրապարակային ելույթների հետ։ Նրան մեղադրել են 2008 թվականին դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում Միշել Օբամայի ելույթը կրկնօրինակելու համար։
Կոնգրեսի շենքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին ի պատասխան նրա հայտարարությունից հետո առաջին տիկնոջը նաև մեղադրել են իր նախորդ ելույթը կրկնելու համար: Ամերիկացիները նկատել են, որ նա՝ «այս բոլոր բարդ իրավիճակներից դուրս գալու նախապայմանը միմյանց օգնելու ամերիկացիների անսասան վճռականությունն է» արտահայտությունն արել է նաև մի քանի ամիս առաջ հնչեցրած ելույթում։
«Եսակենտրոն վարքագիծ»
Տարիներ շարունակ Մելանյա Թրամփի նախկին գործընկերները քննադատել են նրա «եսակենտրոն վարքագիծը»: Ընդ որում, առաջին տիկինը հաճախ է առարկել, որ վերջիններս իրեն քննադատելով փորձում են ուշադրությունն իրենց վրա գրավել։