Նավալնիի գործի քննությունից առաջ Մոսկվայի քաղաքային դատարանի մոտ ձերբակալություններ են տեղի ունեցել
Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ են կատարում մետրոյի «Պրեոբրաժենսկայա հրապարակ» կայարանի մոտ և Մոսկվայի քաղաքային դատարան տանող ճանապարհին, որտեղ երեքշաբթի օրը որոշվում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափն իրականով փոխարինելու հարցը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գործակալությունը լուրի պաշտոնական հաստատումը դեռ չի ստացել:
Դատարանի շենքի մոտ հերթապահում են ոստիկանության և ազգային գվարդիայի ուժեղացված ջոկատները: Գրեթե անհնար է մոտենալ դատարանի շենքին. թույլատրում են մոտենալ միայն հավատարմագրված լրագրողներին, դատավարության մասնակիցներին և դեսպանատների մեքենաներին: Արգելափակված են նաև դատարանի շենքին մոտ գտնվող բակերը. ոստիկանությունը միայն շենքերի բնակիչներին է ներս թողնում:
Երեքշաբթի օրը Սիմոնովսկի դատարանը Մոսկվայի քաղաքային դատարանում տեղի ունեցող նիստի ժամանակ քննարկում է Դաշնային քրեակատարողական ծառայության Մոսկվայի վարչության միջնորդությունը` Նավալնիի պայմանական պատժաչափը չեղյալ համարելու և իրական ժամկետով փոխարինելու համար` կապված նրա վրա դրված պարտականությունները չկատարելու հետ:
Ըստ քրեակատարողական դաշնային ծառայության, 2020 թվականի ընթացքում Նավալնին «համակարգված և բազմիցս խախտել է փորձաշրջանի պայմանները, մասնավորապես, առնվազն 6 անգամ չի ներկայացել գրանցման. հունվարի 13-ին և 27-ին, փետրվարի 3-ին, մարտի 16-ին, հուլիսի 6-ին և օգոստոսի 17-ին»: